25 փետրվարի 2011 - 17:07 AMT
Արա Բաբլոյան. Կրծքով սնուցումն ապագա առողջ սերնդի ձևավորման գրավականն է

«Հայաստանի Ազգային ժողովն ու առողջապահության նախարարության աշխատակազմն անդրադարձել է երեխաներին կրծքով սնուցման խնդրին, քանի որ այդ հարցը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով երեխաներին կրծքով սնուցման մասին օրենքի մշակմանը, որի համաձայն կարգելվի գովազդել մինչև վեց ամսական երեխաների արհեստական սնունդը: Ըստ Բաբլոյանի, կրծքով սնուցումն ապագա առողջ սերնդի ձևավորման հիմքն է:

Արա Բաբլոյանը նշել է, որ բոլոր զարգացած երկրներում արդեն մշակված է համապատասխան քաղաքականություն, որը խրախուսում է կերակրումը կրծքով և զգուշացնում է արհեստական կերի օգտագործման հնարավոր հետևանքների մասին: «Օրենքը ոչ թե արգելում է տեղեկատվություն տրամադրել արհեստական կերակրման մասին, այլ կանոնակարգում է, թե ում կարելի է նման տեղեկատվություն տրամադրել»,-ասել է Բաբլոյանը: Ընդ որում նա նշել է, որ առաջին վեց ամիսներին կրծքով սնուցումը ապագա առողջ զարգացման գրավականն է: Նա նշել է նաև, որ հետազոտությունները ցույց են տվել, որ արհեստական կերակրվող երեխաների մոտ աղիքային խանգարումներն 25 անգամ ավելի հաճախակի են: