25 փետրվարի 2011 - 18:35 AMT
Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2010 թվականին աճել են 69 %-ով

Ամերիաբանկ ՓԲԸ-ն չնայած կորպորատիվ, ներդրումային բանկ է, այնուհանդերձ շարունակում է պատշաճ ուշադրություն ցուցաբերել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթի մշակմանը:

Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2010թ. աճել են շուրջ 69%-ով և 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 26 մլրդ դրամ` բանկի ժամկետային ավանդների 61 %-ը: Միայն 2010թ. չորրորդ եռամսյակում Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է ավելի քան 27%: Նշենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց ավանդների աճն ըստ ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալների կազմել է 12.4 %:

Ամերիաբանկը համալրելով ֆիզիկական անձանց ավանդների տեսականին` 2010թ. դեկտեմբերի 2-ին հանրությանը ներկայացրեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային ակցիան, որը շատ մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում: Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում այս ակցիայով ներգրավվեց շուրջ 2 մլրդ դրամի ավանդ, որը ներկայումս արդեն գերազանցում է 3 մլրդ դրամը:

Ամերիաբանկը ընթացիկ տարում ևս շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց առաջարկվող ավանդների տեսականին: Փետրվար ամսին հանրությանն առաջարկվեց ժամկետային ավանդի նոր տեսակ` «Ոսկու կառուցվածքային» ավանդ, որը ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` եկամուտ, որը ստացվում է միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացումից` առանց ներդրված գումարը կորցնելու ռիսկի և ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից: