26 փետրվարի 2011 - 11:42 AMT
Էլինա Դանիելյան. Ցավոք, ես չեմ կարող առաջին տեղը գրավել Գրան պրիի մրցաշարում

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը վստահաբար գլխավորում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլի մրցաշարային աղյուսակը, մրցաշարի պաշտոնական կայքէջին տված հարցազրույցում ասել է, որ, ցավոք, ինքը չի կարող առաջին տեղը գրավել Գրան պրիի մրցաշարում:

«Սակայն ինձ համար կարևոր է լավ հանդես գալ վերջին փուլում, քանի որ դա դրական հույզեր է ներշնչում և պարգևների համար պայքարելու հնարավորություն տալիս: Ես աշխատում եմ գեղեցիկ խաղ ցույց տալ, զգում եմ, որ կարող եմ պայքարել»,-ասել է Դանիելյանը:

Նա ասել է, որ Գրան պրիին մասնակցելու համար հատուկ չի նախապատրաստվել, ուղղակի հանդես է եկել Իտալիայում կայացած միջազգային մրցաշարում, որն էլ նախապատրաստական դարձավ նրա համար:

«Ես լուրջ մրցաշարերի չէի մասնակցել նախորդ տարվանից: Ուստի, Գրան պրիից առաջ որոշեցի մասնակցել մեկ այլ մրցաշարի: Այնտեղ շատ լավ և բարեկամական մթնոլորտ էր, դա ևս նպաստեց նրան, որ ես կարողացա լավ արդյունքներ ցույց տալ»,-ասել է Դանիելյանը: