28 փետրվարի 2011 - 14:33 AMT
Եգիպտոսի դեսպան. Եգիպտոսի հեղափոխությունը չի ազդի Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ Կահիրեի վերաբերմունքի վրա

Հայաստանում Եգիպտոսի դեսպան Վահիդ Գալալի կարծիքով, Եգիպտոսի հեղափոխությունը չպետք է ազդի երկրի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես, Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: «Եգիպտոսում հեղափոխությունը տեղի է ունեցել ներքին քաղաքական պատճառով, այլ ոչ թե արտաքին, և կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվի»,- հայտարարել է նա: Դեսպանը հավելել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա են ուժեղ պատմական և մշակութային կապեր, և հիմա գլխավոր նպատակը երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումն է: Գալալը մասնավորապես կոչ է արել հայ զբոսաշրջիկներին իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում և հավաստիացրել, որ իրավիճակն այնտեղ հիմա կայուն է և լիովին անվտանգ, հատկապես Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներում:

Դեսպանի խոսքերով, չի փոխվի նաև Եգիպտոսի քաղաքականությունը նաև ԱՄՆ նկատմամբ, քանի որ ամերիկա-եգիպտական հարաբերությունները փոխշահավետ են: Նա նաև ընդգծել է, որ Եգիպտոսի ներկա ղեկավարությունն արդեն հայտարարել է բոլոր միջազգային պարտավորություններին հավատարիմ լինելու մասին: