22 մայիսի 2003 - 18:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Փարիզ «Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա թմրանյութերի տարանցման ուղիները» թեմային նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, միջոցառման նպատակն է Կենտրոնական Ասիայում, մասնավորապես, Աֆղանստանում, թմրանյութերի արտադրման եւ դեպի Եվրոպա դրանց տարանցման հետ պայքարի արդիական հարցերի քննարկումը: Գագաթնաժողովին կմասնակցեն աշխարհի ավելի քան 50 պետությունների ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչներն են Ֆրանսիայի ԱԳՆ-ն եւ ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցագործությունների հարցերի գծով վարչությունը: