28 փետրվարի 2011 - 19:10 AMT
Ադրբեջանը փորձում է Սումգայիթի ջարդերի համար պատասխանատվությունը բարդել Գորբաչովի և ԽՍՀՄ ՊԱԿ-ի վրա

Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ 1988 թվականին Սումգայիթում հայոց ջարդերը կազմակերպվել են հայ ազգայնականների և նրանց հովանավորների կողմից` ի դեմս Միխայիլ Գորբաչովի ու ԽՍՀՄ ՊԱԿ-ի: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի Իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի պետ Ֆուադ Ալեսկերովը: Ընդ որում, նա փորձել է նաև կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա` ասելով, որ երկար տարիներ «հայ ազգայնականները», իբր, փորձում են արդարացնել Ադրբեջանի դեմ Հայաստանի «ագրեսիան»:

Ալեսկերովը փորձել է նաև վստահեցնել, որ ադրբեջանական կողմն այսպես կոչված փաստեր ունի, որոնք վկայում են այն մասին, որ Սումգայիթում հայոց ջարդերը կազմակերպել են հայ ազգայնականների և նրանց հովանավորների կողմից` ի դեմս Միխայիլ Գորբաչովի ու ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հաղորդում է 1news.az-ը: