28 փետրվարի 2011 - 21:19 AMT
ՀՀ դատախազությունում վարվող վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման համակարգ կստեղծվի

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 28-ին ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀԿ երևանյան գրաենյակի աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես Սերգեյ Կապինոսը շնորհակալություն հայտնելով Աղվան Հովսեփյանին սերտ համագործակցության համար` տեղեկացրեց մի շարք համատեղ ծրագրերի` մասնավորապես եվրոպացի փորձագետների կողմից ՀՀ դատախազության բարեփոխումների գնահատման, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանության , ինչպես նաև ՀՀ դատախազությունում վիճակագրական վերլուծությունների բարելավման, էլեկտրոնային շտեմարանի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծել ՀՀ դատախազությունում վարվող վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման համակարգ:

Անդրադարձ եղավ նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Տիգրան Փոստանջյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի որոշ հանգամանքներին: ՀՀ գլխավոր դատախազը դեսպան Սերգեյ Կապինոսին հանգամանորեն ներկայացրեց քրեական գործի հարուցման, քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԿԱ ԱԱԾ վարույթ հանձնելու, խափանման միջոցի ընտրության քրեաիրավական հիմքերը: Գլխավոր դատախազը նշեց, որ հանցավորության դեմ պայքարում ընդհանրապես և մասնավորապես սույն քրեական գործով նախաքննությունը ընթանում է դատախազության ձևավորված միասնական քրեական քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: