Նինո Քաթամաձեն Երևանում համերգի ժամանակ կներկայացնի նոր երգեր «Red» ալբոմից

Նինո Քաթամաձեն Երևանում համերգի ժամանակ կներկայացնի նոր երգեր «Red» ալբոմից

PanARMENIAN.Net - «Շարմ Հոլդինգը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է էթնո-ջազի աստղ Նինո Քաթամաձեի և Insight խմբի համերգը Երևանում` մարտի 21-ին ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում:

Նինո Քաթամաձեն և Insight խումբը ներկայիս ամենահետաքրքիր, ինքնատիպ և պահանջված երաժիշտներից են: Միայն վերջին տարվա ընթացքում նրանք ունեցել են ավելի քան հարյուր համերգ Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Ուկրաինայի ամենահեղինակավոր համերգասրահներում:

Մարտի 21-ի երևանյան համերգին կհնչեն սիրված երգեր, ինչպես նաև` նոր ստեղծագործություններ «Red» ալբոմից: Հնարավոր չէ անտարբեր մնալ այս երաժշտության նկատմամբ: Կատամաձեի երգեցողությունը լսելիս հայտնվում ես զարմանահրաշ մեղեդիների և դյութիչ հնչությունների աշխարհում: Նրա սքանչելի ձայնը, անսահման անկեղծությունը և հմայող անմիջականությունը անվերապահորեն գերում են ունկնդրին: Ջազը լինում է տարբեր. Նինոն այն հենց այդպես է զգում: Այդ է պատճառը, որ նրա յուրաքանչյուր համերգ սպասված տոն է երկրպագուների համար և իսկական բացահայտում` նրա նոր ունկնդիրների համար: Դրանում հայ հանդիսատեսը արդեն համոզվել է 2008թ.-ին, երբ Նինոն համերգով ելույթ ունեցավ Հայկական ջազի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Կենդանի կատարմամբ համերգը եզակի հնարավորություն է ընձեռում ապրելու այդ երգերի ողջ գեղեցկությունն ու կախարդանքը:

Համերգը կազմակերպվում է «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի ինֆորմացիոն աջակիցներն են «Արմենիա TV» հեռուստաընկերությունը, «ԴԱՐ 21» հեռուստաընկերությունը, «Ռուսկոյե ռադիոն», «Ռադիո Վանը», «Ռադիո Ջազը», www.armenianjazz.am կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---