Ռումինիայում տեղի ունեցան Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցում տեղի ունեցավ պատարագ և հետպատարագյան հոգեհանգստի արարողություն`նվիրված Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին:

Ռումինահայությանը մեկ անգամ ևս ներկայացվեց Սումգայիթ քաղաքում 23 տարի առաջ իրագործված դաժան ողբերգությունը, որն ադրբեջանական իշխանությունների արյունալի պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից բարձրացված ինքնորոշման օրինական պահանջի:

Պատարագից հետո Ռումինահայոց Միության և Ռումինիայում Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող հիշատակի խաչքար-հուշակոթողին:

Նույն օրը սումգայիթյան զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողություններ կատարվեցին նաև Յաշ և Կոնստանցա հայաբնակ քաղաքների եկեղեցիներում:

Յաշում արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև վարդապետ Հակոբյանը և Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---