ԼՂՀ ԱԳ նախարար. Աշխարհը պետք է ավելի խիստ վերաբերվի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին

ԼՂՀ ԱԳ նախարար. Աշխարհը պետք է ավելի խիստ վերաբերվի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը զեկույցով հանդես է եկել ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած միջոցառմանը` նվիրված Արցախյան հիմնախնդրին:

Իր խոսքում Գեորգի Պետրոսյանը ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Միաժամանակ նա ընդգծել է հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը: Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի խիստ վերաբերվի Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին, որոնք էապես խաթարում են խաղաղ բանակցային գործընթացը: Ելույթից հետո Գեորգի Պետրոսյանը պատասխանել է ներկաների` ԱՄՆ տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետների հարցերին:

Այնուհետև, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահող Ֆրենք Փալոունի հետ: Հանդիպման ժամանակ Գեորգի Պետրոսյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականին Արցախին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Նույն օրը երեկոյան նախարարը ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում` Սումգայիթի ու Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Իր խոսքում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ համայն հայությունը միջազգային հանրությունից ակնկալում է Սումգայիթի, Բաքվի ու Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ոճրագործությունների խստագույն դատապարտում:

Միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Աննա Էշուն, Էլիոտ Էնգելը, Ջեկի Սփիյեռն ու Բրեդ Շերմանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և ուրիշներ: Ելույթ ունեցողները դատապարտել են Սումգայիթում հայ ազգաբնակչության դեմ կազմակերպած կոտորածները և պատրաստակամություն են հայտնել շարունակել ղարաբաղյան խնդրի արդար կարգավորմանն ուղղված ջանքերը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---