Մարտի 1-ին գերմանական «SWR 2» ռադիոկայանով ԼՂ հակամարտությանը վերաբերող հաղորդում հեռարձակվեց

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին` առավոտյան ժամը 08:30-08:56 գերմանական «SWR 2» ռադիոկայանով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հաղորդում հեռարձակվեց: Համառոտ ներկայացվեցին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի դիրքորոշումները հակամարտության վերաբերյալ:

Հաղորդման ընթացքում խոսվեց նաև Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության արդյունքում սպանված 1,5 միլիոն հայերի մասին: Հաղորդումը սկսվեց Արցախի Պաշտպանության բանակի սպաների խոսքերով. «Հայրենիքը պաշտպանելը մեզ համար սրբություն է»: «Հակամարտությունն ավարտվել է, պարզապես ադրբեջանական կողմը սա չի ըմբռնում: Արցախի և Հայաստանի ժողովուրդները պայքարել են, որպեսզի խաղաղ ապրեն կարողանան»:

Հաղորդման մեջ տեղ էին գտել նաև Արցախի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խոսքերը: «Վաղ թե ուշ ադրբեջանցիները պարտադրված են լինելու հրավիրել մեզ բանակցությունների, քանի որ մենք այս հակամարտության ամենակարևոր կողմն ենք հանդիսանում, և պարզապես անհնարին է այս խնդիրը առանց մեզ` առանց հիմնական կողմի` առանց Արցախի լուծել», - ասում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերից մեջբերվել էր հետևյալը. «Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություն չկա: Անհնարին է Արցախի խնդիրը լուծել առանց Արցախի: Արցախը հանդիսանում է հակամարտության ամենակարևոր կողմը: Հայաստանը փորձում է պարզապես օգնել այս հակամարտությունը լուծել: Մեր կողմից չեն կարող միակողմանի զիջումներ լինել: Հակամարտությունը պետք է լուծել միայն փոխզիջումների հիման վրա: Արցախի հակամարտության գլխավոր թեման Արցախի կարգավիճակն է: Միայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերը Արցախի կարգավիճակի հարցում համաձայնության գան, հնարավորություն կունենան հակամարտության այլ հարցերը քննարկել: Իհարկե, մենք չենք կարող անտեսել սփյուռքի կարծիքը: Մեր բնակչության երկու երրորդը ապրում է սփյուռքում: ՀՀ նախագահն այդ իսկ պատճառուվ էր ուղևորվել արևմտյան երկրներ, որպեսզի սփյուռքահայությանը բացատրի Հայաստանի կառավարության դիրքորոշումը: Եվ նա սփյուռքում ասաց այն, ինչ ասում էր այստեղ` Հայաստանում. թուրք հարևանների հետ մենք պատրաստվում ենք լավացնել մեր հարաբերությունները, բայց ոչ ի վնաս հայ ազգի և Հայաստանի ժողովրդի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---