3 մարտի 2011 - 13:50 AMT
Հայաստանի ոստիկանությունը չի շտապում մեկնաբանել Երևանում ցույցի ցրումը

Հայաստանի ոստիկանությունը դեռ չի մեկնաբանում առավոտյան կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ոստիկանության աշխատողները ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ:

Երևանում տեղի է ունեցել ծեծկռտուք բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց, պատգամավորների և ոստիկանների միջև: Բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ, որոնք արդեն մի քանի շաբաթ բողոքում են փողոցային առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ, նախատեսել են այսօր ժամը 11:00-ին բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի կառավարության շենքի մոտ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեպքի վայրից, առավոտյան կառավարության շենքը շրջապատվել է հարյուրավոր ոստիկանների կողմից, որոնք թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին խմբվել կառավարության շենքի մոտ:

Ինչպես հաղորդել է Փոստանջյանը, դրա արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք խաղաղ ակտիվիստների և ոստիկանների միջև, որոնք, պատգամավորի խոսքերով, բռնություն են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

«Ծեծկռտուքի հետևանքով տուժել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյնաը, որոնց ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն»,- հաղորդել է Փոստանջյանը: Նրա խոսքերով, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են խաղաղ ակցիայի մի քանի մասնակիցների: