3 մարտի 2011 - 18:48 AMT
Հայ-հնդկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

Հնդկաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի հրավերով Նյու Դելիում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-ին հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի, պաշտպանության, հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների գերատեսչություններում:

Արտաքին գերատեսչության ղեկավար, պետնախարար Ի. Ահամեդի, Արևելքի հարցերով պետքարտուղար Վիջայա Լաթթա Ռեդիի հետ քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրները: Երկուստեք նշվել է, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Կողմերը կարևորել են միջազգային կազմակերպություններում միմյանց դիրքորորոշումները հարգելու և պաշտպանելու ձևավորված պրակտիկան և պայմանավորվել են խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը` ներառելով նաև անվտանգության, տնտեսության ոլորտները: Այս առումով կարևորվել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին երեք տարվա ընթացքում չի գումարվել որևէ նիստ: Ի թիվս այլ հարցերի պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի Երևանում անցկացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, ջանքեր գործադրել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայկական «Նաիրիտ» և «Քիմպրոմ» ձեռնարկութունների և հնդկական համապատասխան ձեռնարկությունների գործակցության խնդիրներին, հաղորդում է ՀՀ ԱԽԽ քարտուղարի մամլո գրասենյակը: