5 մարտի 2011 - 14:49 AMT
Լևոն Արոնյանը խոստացել է «Ամբեր» մրցաշարում լավագույնս պատրաստվել աշխարհի առաջնության հավակնորդների խաղերին

Մարտի 11-25-ը Մոնակոյում Լևոն Արոնյանը հանդես կգա ավանդական 20-րդ «Ամբեր» մրցաշարում, որտեղ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները կմրցեն երկու դիսցիպլիններում՝ արագ շախմատ և կույր շախմատ:

Մրցաշարից առաջ Արոնյանը Ծաղկաձորում անցկացրել է համատեղ մարզումներ և պատրաստվել գալիք մրցաշարերին: Նրա խոսքերով, մարզումների ժամանակ կատարվել է հսկայական և որակյալ աշխատանք, բայց իհարկե, նա չի հասցրել անել այն ամենն, ինչ պլանավորել է:

«Անկասկած «Ամբերը» կարևոր մրցաշար է, բայց ինձ համար որոշիչ չէ: Կփորձեմ գեղեցիկ խաղ ցույց տալ և լավագույնս պատրաստվել աշխարհի առաջնության հավակնորդների խաղերին»,- մարտի 5-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արոնյանը:

Աշխարհի առաջնության հավակնորդների խաղերը կայանալու են մայիսի 3-27-ը Կազանում, Արոնյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Նրանք պետք է 4 խաղ անցկացնեն: «Ես Գրիշչուկի հետ հանդիպել եմ տարբեր մրցաշարերում, մեր հանդիպումները միշտ հետաքրքիր պայքարում են ընթացել, ինձ դուր է գալիս նրա խաղաոճը»,- ասել է գրոսմայստերը: