«VH Music» ընկերությունը չկարողացավ բացատրել, թե ինչու Երևանում չեղյալ հայտարարվեց Սառա Քոնորի համերգը

«VH Music» ընկերությունը չկարողացավ բացատրել, թե ինչու Երևանում չեղյալ հայտարարվեց Սառա Քոնորի համերգը

PanARMENIAN.Net - «VH Music» ընկերությունը ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ովքեր տոմսեր են գնել փոփ աստղ Սառա Քոնորի մարտի 8-ին կայանալիք համերգի համար և հայտարարում այն մասին, որ տոմսերը ներկայացնելու դեպքում գումարը ետ է վերադարձվելու»,- Երևանում մամլո ասուլիսում հայտնել է ընկերության հիմնադիր Վահե Հարությունյանը: Նրա խոսքերով, տոմսերի գումարը վերադարձվելու է փուլ առ փուլ: «Տոմսերի վրա նշված է ընկերության հասցեն և համարը, մարդիկ կարող են մեզ դիմել և ետ ստանալ գումարը»,- ասել է նա:

Նա չի կարողացել բացատրել, թե ինչու Երևանում չեղյալ է հայտարարվել Սառա Քոնորի համերգը: Մամլո ասուլիսի ընթացքում պարզվել է, որ համերգի կազմակերպիչները նույնիսկ չեն պայմանավորվել Մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ դահլիճի տրամադրման համար: Հայտնի է դարձել, որ վաճառվել է համերգի տոմսերի ոչ թե 84 տոկոսը, այլ ընդամենը՝ 24 տոկոսը:

Երգչուհու հետ պետք է ելույթ ունենային Սիրուշոն, Արա Մարտիրոսյանը և ռուս երգիչ Արսենիումը:

Մամլո ասուլիսին ներկա էր նաև երգիչ Արա Մարտիրոսյանը, որը հատուկ եկել էր Լոս Անջելեսից համերգին մասնակցելու համար: «Եթե ինձ դահլիճ տրամադրեն, ես ելույթ կունենամ անկախ նրանից, թե դահլիճում քանի հոգի կլինի»,- ասել է նա: Նրա խոսքերով, դա միայն Քոնորի համերգը չէր:

Իր հերթին, Սիրուշոյի և Արսենիումի ներկայացուցիչ Արևիկ Ուդումյանը հայտնել է, որ աստղերը մինչև երեկ փորձ են արել այն հույսով, որ համերգն ամեն դեպքում կայանալու է: «Սակայն մենք կարծում ենք, որ նույնիսկ եթե երգիչներից մեկը բացակայում է, համերգը չպետք է կայանա, քանի որ հնարավոր է՝ մարդիկ գնել են տոմսը հենց այդ երգչի պատճառով»,- ասել է նա:

Փոփ-երգչուհի Սառա Քոնորի` մարտի 8-ին Երևանում ծրագրված համերգը չի կայանա: Ինչպես ասվում է Live Legend Entertainment-ի հաղորդագրության մեջ, համերգի չեղյալ հայտարարվելու պատճառ է դարձել այն փաստը, որ հայկական կողմը չի կատարել գործարքի պայմանները, իսկ պայմանագրի այլ տարբերակներն անընդունելի են երգչուհու համար: Հաղորդագրության մեջ ափսոսանք է արտահայտվում համերգի անցկացման անհնարության կապակցությամբ: «Մենք հույս ունենք, որ Սառա Քոնորին դեռ հնարավորություն կընձեռվի ելույթ ունենալու Հայաստանում»,- նշվում է Live Legend Entertainment-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ փետրվարի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում ծրագրված Սառա Քոնորի համերգը մարտի 8-ին տեղափոխվեց տեխնիկական խնդիրների պատճառով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---