Արցախը շահագրգռված է ֆրանսահայ կազմակերպությունների հետ հարաբերությունների ընդլայնման մեջ

Արցախը շահագրգռված է ֆրանսահայ կազմակերպությունների հետ հարաբերությունների ընդլայնման մեջ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի ներքին կյանքին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ֆրանսահայ կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը Արցախի շենացման, համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծմանն աջակցելու գործում:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է ֆրանսահայ կազմակերպությունների հետ հարաբերությունների շարունակական խորացման եւ ընդլայնման մեջ:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---