9 մարտի 2011 - 13:55 AMT
ԵՄ-ն բաց է երկխոսության համար, բայց Հայաստանի իշխանություններին ոչնչի չի պարտադրում, ասել է Ռաուլ դը Լուցենբերգերը

Հայաստանի կողմից ԵՀՔ (Եվրոպական հարևանության քաղաքականություն) ծրագրի իրագործման առաջին 4 տարում կառավարությունը կարևոր աշխատանք է կատարել, սակայն ներքին բարեփոխումների անցկացման առումով առաջընթացն այդքան ակնհայտ չէ: Այդ մասին «Հայաստանի կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործումը» զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: «Եվրամիության պաշտոնական անձանց այցելությունները Հայաստան և հակառակը, Հայաստանի կառավարության հետ ակտիվ երկխոսությունը ցույց են տալիս, թե որքան ուշադիր է Եվրամիությունը Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ»,- ասել է Լուցենբերգերը: Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները երբեմն կոչ են անում ԵՄ-ին ավելի պահանջկոտ լինել Հայաստանի կառավարության նկատմամբ բարեփոխումների իրագործման հարցում, սակայն, ինչպես նշել է դեսպանը, ԵՄ-ն աջակցություն է տրամադրում, բաց է երկխոսության համար, իսկ մնացածը կախված է կառավարությունից, որն իր վրա պարտավորություն է վերցրել իրականցնել բարեփոխումների ծրագիրը:

Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարն ուշադրություն է դարձրել նրան, որ ԵՀՔ-ն վերաբերվում է նաև տարածաշրջանային համագործակցությանը: Լուցենբերգերը հայտարարել է, որ ԵՄ-ն ձգտում է Հարավային Կովկասում և դրա շուրջը կայուն մթնոլորտ ստեղծել: «Հայաստանը մինչև հիմա հակամարտության մեջ է հարևան երկրների հետ: Կարևոր է, որպեսզի հակամարտող կողմերը փորձեն գտնել ուղիներ, որոնք կհանգեցնեն երկխոսության միջոցով հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա: