9 մարտի 2011 - 17:18 AMT
«Boom-Boom» երգի ընտրության դեմ բողոքն ընդամենը PR-ակցիա է, որի հետ «AYO» երգի հեղինակն անմիջական կա՞պ ունի

«Եվրատեսիլ 2011»-ի որոշ երկրպագուների բողոքները մրցույթի համար երգի ընտրության վերաբերյալ ընդամենը PR-ակցիա է, որը կազմակերպվել է Դեր Հովայի «AYO» երգի հեղինակի երկրպագուների կողմից»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Եվրատեսիլ 2011»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` մեկնաբանելով օրերս տարածված հայտարարությունը, որում անհամաձայնություն է արտահայտված այն առնչությամբ, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ի ընթացքում ելույթ կունենա «Boom-Boom» երգով: Գոհար Գասպարյանի կարծիքով, Դեր Հովան (Արթուր Տեր-Հովակիմյան) անմիջական կապ ունի այդ բողոքների տարածման հետ: «Երբ մենք հավաքեցինք չորս կոմպոզիտորներին հետագա ծրագրերի քննարկման համար, «AYO» երգի հեղինակը որոշակի պահանջներ ներկայացրեց, ավելին` պահանջեց, որպեսզի իրեն վճարեն: «Նրա համար ողբերգություն էր, որ իր երգը կարող է չանցնել մրցույթը: Իհարկե, մենք կուզենայինք, որպեսզի նա նույնպիսի լավ երգ գրեր, ինչպիսին նրա գրած «Qele-Qele»-ն էր, որով 2008 թվականին Սիրուշոն ելույթ ունեցավ «Եվրատեսիլում»: Սակայն, համաձայնեք, որ «AYO» երգը զիջում է «Qele-Qele»-ին»,- ասել է Գոհար Գասպարյանը:

Հայաստանում «Եվրատեսիլ-2011»-ի երկրպագուները գտնում են, որ «Boom-Boom» երգը, որով երգչուհի Էմմին ելույթ կունենա երգի մրցույթում, անարդար ճանապարհով է ընտրվել: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հայտարարության մեջ, երգի ընտրության մեջ բացակայում է արդարությունն ու գործողությունների տրամաբանությունը, քանի որ, երկրպագուների կարծիքով, բոլոր հայկական ինտերնետ-պորտալներում, արտասահմանյան կայքերում, սոցիալական ցանցերում քվեարկության առաջատարն էր «AYO» ստեղծագործությունը: