10 մարտի 2011 - 11:53 AMT
Սերժ Սարգսյան. Լատվիան Հայաստանի համար ոչ միայն բարեկամ է, այլև կարևոր գործընկեր ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում

Ի պատիվ պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի և տիկին Լիլիտա Զատլերեի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: ՀՀ նախագահն ընթրիքի ժամանակ հանդես է եկել խոսքով, որում կարևորել է իր այցը Լատվիա և մեկ տարի առաջ Լատվիայի նախագահի այցը Հայաստան` հույս հայտնելով, որ նման բարձրաստիճան փոխայցելությունների պարբերականությունը լավագույնս է արտահայտում երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության և փոխվստահության բարձր մակարդակը։ «Դիվանագիտական հարաբերություններն ու մեր պետությունների միջև ընթացող աշխույժ քաղաքական երկխոսությունը գալիս են հաստատելու հայ և լատվիացի ժողովուրդների ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքի իրականացումը: Լատվիահայ համայնքը մեր երկրները կապող բազմաթիվ թելերից մեկն է: Հայաստանն ու Լատվիան շատ առումներով նման երկրներ են: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր երկու ժողովուրդների ուղղակի շփումները խրախուսելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ բաղադրիչները բովանդակալից դարձնելու ուղղությամբ: Միմյանց մշակույթի, արվեստի և գրականության հանդեպ մեր ժողովուրդների հետաքրքրությունը հարուստ պատմություն ունի»,- նշել է Սերժ Սարգսյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այսօր Լատվիան Հայաստանի համար ոչ միայն բարեկամ է, այլև կարևոր գործընկեր Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում: «Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու իր հանձնառությանը և այդ տեսանկյունից էապես արժևորում է Լատվիայի աջակցությունը և պատրաստակամությունը` սատար կանգնելու եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի մերձեցման ջանքերին: Ընդ որում, մենք Լատվիան դիտում ենք որպես Հայաստանին և Եվրամիությանը կապող ոչ միայն քաղաքական, այլև կարևոր տնտեսական օղակ»,- ասել է նա: