10 մարտի 2011 - 12:43 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ներդրվել է բանկի աշխատակիցների սոցիալական արտոնությունների ևս մի տեսակ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ներդվել է բանկի աշխատակիցների սոցիալական արտոնությունների ևս մի տեսակ, այն է` ամենամյա հիմնական վճարովի արձակուրդի ձևակերպման ժամանակ տրամադրվող նյութական օգնությունը: Նշված նյութական օգնությունը, որը տրամադրվում է ամենամյա վճարովի հիմնական արձակուրդի առթիվ, հաշվարկվում է, ելնելով աշխատողի պաշտոնեական դրույքի չափից և կազմում է մինչև մեկ պաշտոնեական դրույքաչափ: Տվյալ նյութական օգնությունը վճարվում է տարին մեկ անգամ ամենամյա հիմնական` 12 աշխատանքային օրից ոչ պակաս, վճարովի արձակուրդի ձևակերպման ժամանակ:

Հիշեցնենք, որ 2010 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ներդրվել է անձնակազմի սոցիալական ապահովության ծրագիրը, որով նախատեսվում է բանկի աշխատակիցներին ապահովել սոցիալական երաշխիքներով և արտոնություններով: Բանկի աշխատակիցների սոցիալական ապահովության համակարգի ձևավորումը հիմնականում նպատակաուղղված է անձնակազմի սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, բանկում առանցքային աշխատակիցների ամրացմանը, աշխատակիցների մոտ վաղվա օրվա նկատմամբ վստահության բարձրացմանը: Բանկի աշխատակիցների սոցիալական ապահովության համակարգը նախատեսում է արտոնությունների և նյութական վճարների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են`լրացուցիչ վճարովի արձակուրդների տրամադրում (ոչ միայն չնորմավորված աշխատանքային օրվա համար, այլ նաև կենցաղային հարցերի լուծման նպատակով), նյութական օգնություն` ամուսնության, երեխայի ծնվելու (որդեգրելու) առթիվ, ինչպես նաև նյութական օգնություն բազմազավակ (երեք և ավելի երեխա), հաշմանդամ երեխա ունեցող աշխատողներին: Նյութական օգնությունը նախատեսվում է նաև մոտ հարազատների մահվան, կենսաթոշակի անցնելու, հոբելյանական տարելիցների և այլնի կապակցությամբ: Բացի այդ,մինչև երեք տարին չբոլորած երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող բանկի աշխատակիցներին վճարվում է ամենամսյա նպաստ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվՙել է 1998 թվականին: 2010 թվականի վերջի դրությամբ բանկում աշխատում էր 377 աշխատակից: Ներկայումս բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից 5 գործում են Երևանում, իսկ 9` Հայաստանի տարածաշրջաններում: