10 մարտի 2011 - 14:03 AMT
IFC–ն և Ավստրիայի ֆինանսների նախարարությունն աջակցում են Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանը

Մարտի 10-ին Երևանում բացվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC) կազմակերպված «Էներգաարդյունավետություն Էքսպո 2011» ցուցահանդեսը «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային կենտրոնի հետ համատեղ և Ավստրիայի ֆինանսների նախարարութւան ու Հայաստանի էներգետիկայի նախարարության աջակցությամբ: Ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել էներգաարդյունավետության ոլորտին վերաբերվող ապրանքներ ու ծառայություններ, որոնք կաջակցեն հայ գործարարներին բարձրացնելու իրենց ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը։

Ցուցադրության հիմնական նպատակը` Հայաստանի էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում, էներգաարդյունավետության վերջին նմուշների և նորանոր տեխնոլոգիաների ցուցադրումը, արտադրող–սպառող հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև էներգաարդյունավետության վերաբերյալ հանրության իրազեկումը։

Իր ողջույնի խոսքում Կովկասի տարածաշրջանի հարցերով IFC ղեկավար Թոմաս Լյուբեքը նշել է, որ այս ցուցահանդեսը IFC ավելի գլոբալ ծրագրի մաս է Հայաստանում կլիմայի փոփոխության և կայուն էներգետիկայի զարգացման համար: Նրա խոսքերով, ցուցահանդեսը թույլ կտա հայկական ընկերություններին ծանոթանալ էներգախնայող տեխնոլոգիաների, իսկ ֆինանսական ինստիտուտներին` հասկանալ, որ այդ տեխնոլոգիաների մեջ ներդրումներ կատարելը կարող է լինել հուսալի և շահութաբեր:

Իր հերթին, Ավստրիայի ֆինանսների նախարարը նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է շահագրգիռ կողմերի միջև տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և նրանց հետագա համագործակցության համար պլատֆորմի ստեղծումը: «Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին, որպեսզի նա կարողանա օգտվել էներգառեսուրսների կառավարման ոլորտում ունեցած իր պոտենցիալից»,- ասել է նա:

Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 12-ը: Ցուցադրությունը կազմակերպվում է IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսական աջակցություն է ստանում Ավստրիայի Ֆինանսների նախարարության կողմից։ Նախագիծը ներկայացնում է «Էքսպոմեդիա ցուցահանդեսների նախագծման կենտրոն»-ը։

Հայաստանը դարձել է IFC-ի անդամ և բաժնետեր 1995 թվականին և առ այսօր 110 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 24 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը: