10 մարտի 2011 - 15:59 AMT
Հանուն Թբիլիսիի հակահայկական քաղաքականության Բաքուն աչք է փակում Վրաստանում ադրբեջանցիների իրավունքների խախտման վրա

Քանի որ Ադրբեջանին ու Թուրքիային հաջողվեց ներքաշել Վրաստանին իր հակահայկական քաղաքականության մեջ, վրաստանաբնակ ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանի համար այժմ երկրորդական է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: « Չմտահոգելու համար վրացական ղեկավարությանը այդ խնդիրներով, նրանք ուղղակի չեն աջակցում դրանց հրապարակայնացմանը, քանի դեռ Վրաստանն օգտագործվում է հակահայկական նպատակներով»,-ասել է նա: Թորոսյանը որպես օրինակ բերել է Բաքվում Վրաստանի ադրբեջանցիների ասամբլեայի ղեկավարի ձերբակալությունը:

Թորոսյանը հավելել է, որ դա չի կարող երկար տևել, քանի որ ադրբեջանցիների քանակը Վրաստանում արագ աճում է:

Իր հերթին «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին հավելել է, որ թեև ադրբեջանցիների որոշ հարցեր Վրաստանում լուծվում են ներքին կարգով, նրանց հանդեպ բացահայտ հետապնդում չի իրականացվում, թեև նրանք բարձրացնում են այն նույն խնդիրները, ինչ Վրաստանի հայ համայնքը: Նա նշել է, որ ընդհանուր իրավունքների պաշտպանության ուղղությամբ ադրբեջանական համայնքի հետ համագործակցություն դեռ չկա: