10 մարտի 2011 - 16:04 AMT
Forbes. Մոլորակի ամենահարուստ հայը Քըրք Քըրքորյանն է

Forbes ամսագրի վարկածով մոլորակի ամենահարուստ հայը շարունակում է մնալ Քըրք Քըրքորյանը: 93-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 3,5 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկվել է ևս 4 հայ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը: Եղբայրներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, որոնք «Ռեսո գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատերերն են 1,5 մլրդ դոլար կարողությամբ յուրաքանչյուրը, զբաղեցնում են 833-րդ տեղը աշխարհում և 65-րդ տեղը Ռուսաստանում: 1,5 մլրդ դոլարով ցուցակում նույն դիրքն է զբաղեցնում նաև «Ռոսգոսստրախ» ընկերության բաժնետեր Դանիիլ Խաչատուրովը: Աշխարհում 879-րդ և Ռուսաստանում 72-րդ տեղն է զբաղեցնում «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը: Միլիարդերների ցուցակում բացակայում է «Տրոյկա դիալոգ» ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանի անունը:

Ցուցակի առաջին 3 տեղերը, նախորդ տարվա համեմատ, փոփոխություն չեն կրել՝ առաջինը մեքսիկացի Կարլոս Սլիմ Էլուն է, որը նույնիսկ ավելացրել է իր կարողությունը 20,5 մլրդ դոլարով, ինչը 2 անգամ ավելի է, քան Հայաստանի ՀՆԱ-ն: Այժմ Էլուի կարողությունը գնահատվում է 74 մլրդ դոլար: Արդյունքում, նա առաջ է անցել իր երկու գլխավոր մրցակիցներից՝ Բիլ Գեյթսից ու Ուորեն Բաֆետից: