Եվրոպական կառույցները խորհրդատվություն ու փորձագետներ կտրամադրեն Հայաստանի ոստիկանությանը

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինոսի հետ:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները, արձանագրված արդյունքներն ու անելիքները:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալը հատկապես կարևորեց օրենսդրական դաշտի բարեփոխումները, որոնք հնարավորություն են տվել ոստիկանության գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ու միջազգային չափորոշիչներին:

Հյուրերը ողջունեցին ՀՀ ոստիկանության որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը: Միաժամանակ անդրադարձ եղավ «Հավաքների մասին» օրենքի նախագծին, որը եվրոպական պատվիրակաների կողմից գնահատվեց որպես էական քայլ ժողովրդական արժեքների հաստատման ուղղությամբ: Արթուր Օսիկյանը նշեց, որ ոստիկանությունն ակտիվորեն մասնակցել է նախագծի մշակման աշխատանքներին:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը, հանդիպման մասնակիցները համաձայնություն ձեռք բերեցին, որ եվրոպական կողմը համապատասխան խորհրդատվություն ու փորձագետներ կտրամադրի Հայաստանի ոստիկանությանը, ինչը էլ ավելի կբարձրացնի բարեփոխումների արդյունավետությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---