11 մարտի 2011 - 13:43 AMT
Վահան Հովհաննիսյան. Ընդդիմությունը հիասթափեցնում է ժողովրդին ապարդյուն հանրահավաքներով

«Լուրջ հանրահավաքներ գումարող մարդիկ պետք է հստակ պատկերացնեն իրենց առջև դրված նպատակները, քանի որ հանրահավաքներից հիասթափված ժողովուրդը հիասթափվում է նաև քաղաքական գործընթացից ընդհանրապես»,-հայտարարել է լրագրողներին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը`մեկնաբանելով ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքը: Նա նշել է, որ նման և նույնիսկ առավել բազմամարդ հանրահավաքներ տեղի են ունեցել նաև նախկինում՝ հիշեցնելով Արկադի Վարդանյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի, Աշոտ Մանուչարյանի հանրահավաքները, որոնք որևէ արդյունքի չհանգեցրին: Նա հավելել է, որ բողոքի ու պայքարի մեջ հիասթափված ժողովուրդը պարարտ հող է հանդիսանում ընտրակաշառքների կիրառման համար, անտեսում է ընտրությունները, ենթարկվում է վարչական ճնշման:

Ինչ վերաբերում է «Ընտրողի ձայնը ուժ է» հասարակական շարժմանը, որին սատարում է ՀՅԴ-ն, ապա, ըստ Հովհաննիսյանի, նրանց նպատակն է, որ յուրաքանչյուր մարդ գիտակցի իր ձայնի կարևորությունը և գիտակցված տա իր ձայնը այս կամ այն քաղաքական ուժին: Նա ընդգծել է, որ կարևոր չէ, թե ով կգա իշխանության, կարևոր է, որ իշխանությունները չեն ունենա լեգիտիմության պակաս: