11 մարտի 2011 - 14:06 AMT
ԱՄՀ ներկայացուցիչը հավաստիացնում է, որ 2011-ին Հայաստանում գնաճն ավելի ցածր կլինի, քան 2010-ին

Հայաստանը գնաճի հետ կապված զգալի խնդիրներ ունի, ինչն ազդում է հիմնականում սննդամթերքի գների բարձրացման վրա: Այդ մասին մարտի 11-ին Երևանում լրագրողներին հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: «Բայց մենք սպասում ենք, որ գնաճի տեմպերը` կապված համաշխարհային պարենային շուկայում գնաճի հետ, նվազելու են, և դա անպայման ազդելու է Հայաստանի տնտեսության վրա»,- ասել է նա: Նրա խոսքերով, դա խնդիր է Հայաստանի համար, քանի որ համաշխարհային գների նվազումը պատշաճ կերպով չի ազդում տեղական շուկայի վրա:

Տոլոսան հավելել է, որ 2011-ին արձանագրվել է գների բարձրացում, բայց ԱՄՀ-ն համոզված է, որ համաշխարհային գները նվազելու են, քանի որ գյուղատնտեսության ոլորտը կարող է տեղական շուկան ապահովել անհրաժեշտ արտադրանքով: «Մենք աշխատում ենք 2011-ին գնաճի վերաբերյալ մեր կանխատեսումների վրա, միանշանակ, 2011-ին գնաճն ավելի ցածր է լինելու, քան 2010-ին»,- ասել է նա: