11 մարտի 2011 - 14:40 AMT
Վահան Հովհաննիսյան. Եթե Հայաստանում հաջողվի «խեղդել հեղափոխությունը», դա կնշանակի, որ հայերը եզակի ազգ են

Հայաստանում այժմ հեղափոխական իրավիճակ չկա, սակայն, կա պայթյունի վտանգ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Հեղափոխական իրավիճակն ենթադրում է փոփոխություն ուղեղներում և մտածելակերպի մեջ, ինչը ես դեռևս չեմ տեսնում: Սակայն, սովից, անհուսալիությունից, անարդարությունից ընդվզելու միտում հանրության մեջ կա»,-ասել է նա: Հովհաննիսյանը կասկած է հայտնել, որ այդ պայթյունը կարող է դրական հետևանքեր ունենալ: Դրական փոփոխությունների համար հարկավոր են դրական լիցքեր, ոչ թե ատելություն, նախանձ և վրեժխնդրություն»,-ասել է պատգամավորը

Պատգամավորն առաջարկել է տարբերակել հեղափոխություն և հեղաշրջում հասկացությունները՝ նշելով, որ հեղափոխությունը միշտ չէ, որ արյունահեղ է լինում և մարդկային զոհեր պահանջում: Նա նշել է, որ հեղափոխությունն ու էվոլյուցիան մարդկության զարգացման երկու հիմնական ուղիներն են և օրենքով արգելված չեն: Մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «նա օրորոցում կխեղդի հեղափոխության ցանկացած փորձ» Հովհաննիսյանը ենթադրել է, որ ոստիկանապետն ուղղակի սխալ տերմին է օգտագործել: Նա հավելել է, որ «վերջին 3 հազար տարում դեռ ոչ ոքի չի հաջողվել օրորոցում խեղդել հեղափոխությունը: Եթե Հայաստանում դա հաջողվի, կնշանակի, որ հայերը եզակի ազգ են»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հեղափոխություն անելու խոստումներին, ապա Հովհաննիսյանը հայտարարել է. «Բազմաթիվ քաղաքական գործիչներ Հայաստանում թեժ աշուններ, գարուններ, ամառներ ու ձմեռներ խոստացան, սակայն ոչինչ տեղի չունեցավ: Կապրենք՝ կտեսնենք»: