11 մարտի 2011 - 17:43 AMT
GTI. Հայաստանում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 23%

Հայաստանում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 23%: Ինչպես նշվում է Grand Thornton աուդիտորախորհրդատվական ընկերության` Կանանց միջազգային օրվա նախօրեին 39 երկրներում անցկացված հետազոտության հիման վրա միջազգային գործարար զեկույցում, 2010 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 29%:

Զեկույցի համաձայն, ներկայումս ամբողջ աշխարհում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 20%, ինչը 24%-ով պակաս է 2009 թվականի տվյալներից:

Ղեկավար պաշտոններում կանանց թվի վերաբերյալ կազմված աղյուսակը գլխավորում է Թայլանդը` 45%, որին հետևում են Վրաստանը (40%), Ռուսաստանը (36%), Հոնկոնգը և Ֆիլիպինները (երկուսն էլ 35%): Ամենաստորին դիրքերում են Հնդկաստանը, Միացյալ Արաբական Էմիրություններն ու Ճապոնիան, որտեղ կանայք զբաղեցնում են ավելի պակաս, քան ղեկավար պաշտոնների 10%-ը: ֆրանսիայում այս ցուցանիշն անցյալ տարվա ընթացքում աճել է 3 կետով և հասել 21%-ի:

Հարցման համաձայն, աշխարհի բոլոր երկրների տվյալներով կին ղեկավարներ ունեցող ընկերությունների 22%-ում նրանք զբաղեցնում են ֆինանսական պաշտոններ (օրինակ՝ ֆինանսական տնօրենի): Հաջորդ ամենից շատ հանդիպող պաշտոններն են Մարդկային ռեսուրսների ղեկավարը (20%), Մարկետինգի պատասխանատուն և Վաճառքի գծով տնօրենը (երկուսն էլ 9%): Հարցմանը մասնակից ղեկավար պաշտոններում կին աշխատակից ունեցող բոլոր ընկերությունների միայն 8%-ն ունի կին Գլխավոր տնօրեն: