12 մարտի 2011 - 18:15 AMT
Բաքվում «Մուսավաթի» ցույցը ցրելու համար գործի են դրվել մահակներ

«Սկզբնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ դա վերջին տարիների ամենաուժեղ բողոքի ակցիան է: «Մուսավաթի» բազմաթիվ կողմնակիցներ, այլ կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ և երիտասարդներ մեծ խանդավառություն են հանդես բերում»,- Ազադլիգ ռադիոյի եթերում հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը: «Դիտորդների կարծիքով, ոստիկանությունը մեծ դաժանություն է հանդես բերում ակցիայի մասնակիցների հանդեպ:

Ոստիկանությունը բռնություն է գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ, օգտագործում է մահակներ: Դաժան է վարվում կանանց, երիտասարդների հետ: Կարծում եմ, որ այս ակցիան լուրջ ազդակ կհաղորդի Ադրբեջանում արմատական փոփոխությունների գործընթացին»,- ասել է նա: Արդեն ձերբակալվել է 40 մարդ:

Ակցիան շարունակվում է Նիզամի փողոցում: Մուսավաթական երիտասարդները վանկարկում են «Հրաժարական» և «Ձվեր» կարգախոսները: ԵԱՀԿ ներկայացուցիչները տեղում հետևում են ակցիային, որը շարունակցում է քաղաքի տարբեր հատվածներում: