14 մարտի 2011 - 15:02 AMT
Հայ մարզիկ Դավիթ Ֆահրադյանը երկրորդ հավաստագիրը ստացավ Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակից

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի մանկավարժ Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակից ստացել է հավաստագիր, որը պաշտոնապես հաստատում է նրա ռեկորդը:

Այդ ռեկորդը Ֆահրադյանը հաստատել է 2010-ի նոյեմբերի 13-ին` ձախ ձեռքով 76 պտույտ կատարելով պտտաձողի վրա:

Մարտի 14-ին ԵՊԼՀ-ում Ֆահրադյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել հավաստագիրը: Նա դարձել է միակ հայ մարզիկը, որը երկու անգամ սահմանել է Գինեսի ռեկորդ: Առաջին անգամ նա 10 րոպեում 350 անգամ պտտվել է պտտաձողի վրա:

Մարզիկը խոստովանել է, որ ռեկորդների սահմանումը նրան ոչ միայն ճանաչում է բերել, այլ նաև նա հպարտ է, որ արժանի կերպով ներկայացրել է Հայաստանը. «Ինձ հրավիրել են ելույթ ունենալ տարբեր միջազգային մրցաշարերում, բայց հիմա ես աշխատում եմ իմ ատենախոսության վրա և այն ավարտելուց հետո կմտածեմ այդ մասին»,- ասել է նա: