14 մարտի 2011 - 18:53 AMT
ՀՅԴ-ն չի մասնակցի Ստամբուլում կայանալիք Վիլտոն Պարկի համաժողովին

Մարտի 10-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հրավեր է ստացել է Վիլտոն Պարկից (Wilton Park), մասնակցելու մարտի 24-27-ը Ստամբուլում կայանալիք` «Ժամանակակից աշխարհում ներգրավվելու համար Թուրքիայի քաղաքականությունը» թեմայով համաժողովին։ Սա Վիլտոն Պարկի կողմից Թուրքիայում կազմակերպված երրորդ համաժողովն է, որը տեղի կունենա Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ։ Բացումը կատարվելու է Թուրքիայի Արտաքին գործոց նախարար Ահմեդ Դավութօղլիի կողմից։

Վահան Հովհաննիսյանը հրավերին նամակով պատասխանել է մարտի 11-ին. «Ցավոք, ստիպված եմ մերժել հրավերը, որովհետեւ մենք չենք մասնակցելու Թուրքիայի կառավարության կամ նրա համագործակցությամբ կազմակերպվող, եւ կամ թուրք պաշտոնյաների մասնակցությամբ ժողովներին, քանի որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը եւ մերժում ընդունել պատասխանատվություն դրա համար։ Համոզված եմ, որ Թուրքիայի արտաքին գործոց նախարարը բարձր կգնահատի այս սկզբունքային դիրքորոշումը»։ Վ. Հովհաննիսյանն իր նամակում ասում է. «Մենք կողմ ենք երկխոսությանը եւ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն, ականատես եղանք, թե ինչպես Թուրքիան չարաշահեց Հայաստանի կողմից անկեղծ բարյացակամության քայլը. Թուրքիան մերժում է վերջ տալ Հայաստանի միակողմանի եւ անօրինական շրջափակմանը, եւ շարունակում՝ իր կողմնակալ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների նկատմամբ։ Հետեւաբար, մենք չենք ցանկանում Թուրքիային տրամադրել նոր լծակներ՝ իր մեքենայությունների ու նենգ վարքագծի համար»։

ՀՅԴ Բյուրոյի անդամն իր նամակն ավարտում է կրկին շնորհակալական խոսքով եւ ցանկություն հայտնում «մասնակցել Վիլտոն Պարկի այլ համաժողովների կամ նախաձեռնությունների, որտեղ կլինեն նաեւ իսկական քաղաքացիական հասարակության մասնակիցներ»։

Այս հրավերի առիթով, Վ. Հովհաննեսյանը ՀՅԴ Մամլո դիվանի լրագրողի հարցին պատասխանել է, ասելով. «Այս հրավերը մաս է կազմում Թուրքիայի վերջին շրջանում հրապարակված քաղաքականությանը, որի նպատակն է մի կողմից Արեւմուտքին ցույց տալ թե իբր ինքը երկխոսության մեջ է Հայաստանի եւ հայության հետ, մյուս կողմից՝ պառակտել հայկական կողմը՝ կեղծ երկխոսության փորձեր անելով հայ հասարակության առանձին շրջանակների հետ՝ Հայաստանում եւ կամ Սփյուռքում։

Դաշնակցությունը լավ ծանոթ է Թուրքիայի այս վարքագծին եւ մերժում է ընթացք տալ նրա սադրանքներին, հատկապես այս օրերին՝ երբ Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը եւ Թուրքիայում դատում հայ-թուրքական իսկական մերձեցման կողմնակիցներին։ Բոլորս պետք է զգոն լինենք եւ միասնական կեցվածքով ձախողենք Թուրքիայի այս քաղաքականությունը», ասվում է ՀՅԴ Մամլո դիվանի հաղորդագրության մեջ: