14 մարտի 2011 - 20:10 AMT
Անկարան հայտարարում է Ռուսաստանի հետ արտոնագրային ռեժիմը վերացնելու պատրաստակամության մասին

Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ արտոնագրային ռեժիմի վերացմանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք ցանկանում ենք լիովին վերացնել արտոնագրային սահմանափակումները մեր երկրների բոլոր քաղաքացիների համար: Չնայած մի շարք ուղղություններով ու որոշ անձանց խմբերի համար նման ռեժիմն արդեն կիրառվում է»,- ասել է նա:

Էրդողանի խոսքով, «դեռևս որոշ կարճաժամկետ բնույթի հարցեր են մնում», որոնք առայժմ խոչընդոտում են արտոնագրերի վերացմանը: «Մենք պետք է արագացնենք այդ թեմայի շուրջ բանակցությունները: Այդ հարցերը կարգավորելուց և մայիսին ռեադմիսիայի մասին համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո կվերանան վերջին արգելքները: Այդժամ ռուսների մուտքը Թուրքիա և թուրքերի մուտքը Ռուսաստան շատ ավելի պարզ կդառնա»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը, գրում է Ռոսիյսկայա Գազետան: