15 մարտի 2011 - 14:04 AMT
Հայ ուսանողները հաջողությամբ հանձնել են չինարեն լեզվի միջազգային որակավորման քննությունը

Սույն թվականի մարտի 12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի Ինստիտուտը կազմակերպել էր չինարեն լեզվի միջազգային որակավորման քննություն (HSK) : HSK որակավորման քննությունը հանդիսանում է ՉԺՀ պետական քննություն, որը մշակված է չինացիների և այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում եմ աշխատել Չինաստանում կամ ուսում ստանալ Չինաստանի ԲՈւՀ-երում: Տեղեկացնենք, որ այս քննությունը իր կառուցվածքով և նպատակներով նման է TOEFL-ին` անգլերեն լեզվի քննությանը:

Այն ուսանողները, ովքեր հանձնել են քննությունը և ստացել թվանշանների որոշակի քանակ, ստանում են համապատասխան HSK հավաստագիր: Հավաստագիրը տրվում է Չինաստանի պետական կոմիտեի կողմից` ըստ չինարենի իմացության մակարդակի և ուժի մեջ է 2 տարի: Թեստերի նյութերը ուղարկվում են Չինաստանից, իսկ լրացված հարցաթերթիկները անմիջապես քննությունից հետո մենք ուղարկվում են Պեկին` չինարեն լեզվի տարածման գլխամասային գրասենյակ, որտեղից էլ ստանում ենք քննության արդյունքները, ինչպես նաև հավաստագրերը այն ուսանողների համար, ովքեր բարեհաջող հանձնել են քննությունը: Այս քննությունը կենտրոնացված բնույթ է կրում, այն միառժամանակ անցկացվում է ամբողջ աշխարհի Կոնֆուցիուսի Ինստիտուտներում, ասվում է ԵՊԼՀ-ի Հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

Կոնֆուցիուսի Ինստիտուտը կազմակերպում է քննության նախապատրաստական դասընթացներ, որի ընթացքում արդեն որոշվում է, թե քննության որ մակարդակին է հավակնում ուսանողը: HSK քննությունն ունի 6 մակարդակ, որից 5-ը և 6-ը համապատասխանում են ՉԺՀ բուհերի մագիստրատուրայի ընդունելության քննությանը: Պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի Ինստիտուտում կազմակերպված քննության մասնակիցները (11 ուսանող) հանձնեցին քննության 1-ին, 2-րդ և 5-րդ մակարդակները, որն արդեն իսկ մեծ հաջողություն է մեզ համար, քանզի մեր դասընթացները իրականացվում են ընդամենը 2 տարի: Կարծում ենք, որ քննության լավ կազմակերպած նախապատրաստական աշխատանքների և չինացի դասախոսներ Ճան Լույենի և Ճան Ծինջիի ջանասեր աշխատանքի շնորհիվ HSK-ին մասնակցող բոլոր ուսանողները շատ գոհ էին քննության ընթացքից և ամենակարևորը իրենց կարողություններից:

Նշենք, որ առաջին մակարդակ կարողացել են լավ հանձնել Ինստիտուտի դասընթացներին ընդամենը 6 ամիս հաճախած ուսանողները: Սա կարևոր ձեռքբերում է այն հայ ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել ՉԺՀ բուհերում, ինչին մենք աջակցում ենք` կրթաթոշակ տրամադրելով լավագույն ուսանողներին: ԵՊԼՀ Կոնֆուցիուսի Ինստիտուտը թերևս միակն է տարածաշրջանում, որ անցկացնում է HSK քննություն, որին կարող են մասնակցել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ բոլոր ցանկացողները: