Շառլ Ազնավուրը կոչ է արել Սարկոզիին կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոստումը

Շառլ Ազնավուրը կոչ է արել Սարկոզիին կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոստումը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ափսոսանք է հայտնել այն փաստի առթիվ, որ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին չեն կատարել իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոստումները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը: Մասնավորապես, Օբաման ապրիլի 24-ին հայկական համայնքին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ չի ասել «ցեղասպանություն» բառը, իսկ Նիկոլյա Սարկոզին չի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեականացման մասին օրինագիծը, թեև խոստացել է դա անել 2007-ին Ֆրանսիայի նախագահի ընտրություններից առաջ: Nouvelles d'Arménie ամսագրին տված հարցազրույցում Ազնավուրը կոչ է արել Սարկոզիին կատարել իր խոստումը, քանի որ Ֆրանսիայի հայերը կարող են հիշել այդ մասին 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

WikiLeaks կայքի տեղեկատվության համաձայն, Սարկոզին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հավաստիացրել է Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը «կթաղվի Սենատում »:

Մոտ 3000 մարդ, այդ թվում ֆրանսիացի հանրաճանաչ դեմքեր, մարտի 12-ին հավաքվեցին Ֆրանսիայի Սենատի դիմաց` պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, քաղաքական և հասարակական գործիչներ Պատրիկ Դևեջյանը, Բեռնար-Անրի Լևին, հայտնի իրավաբան Սերժ Կլարսֆելդը:

«Ֆրանսիայի հայ համայնքն ու աշխարհի այլ երկրներում բնակվող հայերը տուժել են Հայոց ցեղասպանության արդյունքում: Մենք Ֆրանսիային, որի քաղաքացին ենք հանդիսանում, կոչ ենք անում պաշտպանել մեզանից յուրաքանչյուրի իրավունքները»,- հայտնել է Պատրիկ Ջևեդյանը` ելույթ ունենալով ցույցի ժամանակ:

Ցույցի մասնակիցները ֆրանսիացի սենատորներից պահանջում էին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը,

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, սակայն Սենատն արգելափակեց օրինագծի ընդունումը,հաղորդում է Nouvelles d'Arménie.

Ֆրանսիական Մարսել քաղաքի հայերը ցույց անցկացրեցին` Ֆրանսիայի Սենատից պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին ֆրանսիացի սենատորներ, որոնք Սենատում իրենց գործընկերներին կոչ էին անում ընդունել XX դարի առաջին ցեղասպանության ժխտման համար քրեական պատասպանատվության մասին օրենքը:

Ինչպես հաղորդում է Nouvelles d'Arménie-ն, ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ: CCAF փոխնախագահ Ժուլյեն Հարությունյանի խոսքով, Ֆրանսիայի հայ համայնքը վրդովված է, որ Սենատը մինչ օրս արգելափակում է այդ օրինագծի ընդունումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---