15 մարտի 2011 - 15:51 AMT
Ճապոնիայում կրկին աղետ է. արթնացել է Սինմոե հրաբուխը

Ճապոնիայում, որն արդեն հինգերորդ օրն է, ինչ փորձում է դիմակայել երկրի պատմության մեջ խոշորագույն երկրշարժին ու հրդեհին »Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, արթնացել է Սինմոե հրաբուխը, գրում է Գազետա-ռու-ն:

Մարդկանց տարհանում են վտանգավոր գոտուց:

Սինմոեն տարեսկզբից ի վեր ժայթքել է արդեն մոտ 10 անգամ: Մասնագետները դեռ չեն պարզել, արդյոք հրաբխի արթնանալու պատճառը երկրաշարժն ու ցունամին են:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 20 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է:

Երկուշաբթի Ճապոնիան պաշտոնապես խնդրեց ՄԱԳԱՏԷ-ին մասնագետների խումբ գործուղել, որը կօգնի հաղթահարել վթարային ԱԷԿ-ներում ստեղծված իրավիճակը: