15 մարտի 2011 - 17:44 AMT
Հայաստանում դիտարկում են մարդկային ռեսուրսների կառավարման միասնական համակարգի ներդրման հնարավորությունը

«Սեմինարիստների միություն» ՀԿ կողմից անցկացված հետազոտության համաձայն, պարզվել է, որ Հայաստանի փոքր և միջին բիզնեսի 400 ներկայացուցիչներից 47,2% պատրաստ են ներդրումներ կատարել իրենց աշխատողների պրոֆեսիոնալ հմտությունների բարձրացման մեջ: Այդ մասին մարտի 15-ին լրագրողներին է հաղորդել «Սեմինարիստների միություն» ՀԿ ղեկավար Կարեն Սարգսյանը: Ընդ որում, հարցվածների 38,5%-ը պատասխանել է «ոչ», իսկ 14,3%-ը ձեռնպահ է մնացել: Հարցմանը մասնակցել են կապի և ծառայությունների, առևտրի, ֆինանսների, արտադրության, առողջապահության ոլորտների, ինչպես նաև ներկրմամբ զբաղվող ընկերություններ: Դրա հետ մեկտեղ հարցվածների 87,3%-ը մեծապես կարևորում է կազմակերպությունում մարդկային ռեսուրսների պատշաճ կառավարումը:

Կարեն Սարգսյանի խոսքով, հետազոտությունն ուղղված է ՓՄԲ-ում մարդկային ռեսուրսների կառավարման միասնական համակարգի ներդրմանը` ընդհուպ մինչև համապատասխան օրենքի ընդունում կամ հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների կատարում: Մասնավորապես, միասնական համակարգի ներդրումը, Կարեն Սարգսյանի կարծիքով, թույլ կտա սահմանված կարգով (ժամանակահատված, ֆինանսավորման չափ) իրականացնել ռեսուրսների կառավարման գործընթացը, քանի որ դա Հայաստանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալներից մեկն է: