15 մարտի 2011 - 17:45 AMT
Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը նվաճեց «Միկան»

Մարտի 15-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակչի վերջին հանդիպումը: «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի մարզադաշտում հանդիպեցին «Իմպուլսն» ու «Միկան»:

Առաջին խաղում «Միկան» 3:0 հաշվով հաղթանակ էր տարել, և պատասխան խաղում նրան լիովին բավարար էր ոչ ոքի հաշիվը: Սակայն, ինչպես և առաջին խաղում, երկրպագուները շատ գոլերի ականատես եղան: Արմեն Շահգելդյանի սաներն արդեն 25-րդ րոպեին բացեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը: Իսկ 5 րոպե անց տուգանային հարվածը հաջող իրացրեց Աղվան Մկրտչյանը:

Երկրորդ խաղակեսի կեսերին «Իմպուլսը» կրճատեց տարբերությունը Արտակ Հովհաննիսյանի իրացրած գոլի շնորհիվ: Իսկ 73-րդ րոպեին Էդուարդ Կակոսյանը հարվածեց Դիլիջանի ակումբի երկրորդ գոլը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Երկու խաղերի արդյունքում «Միկան» 5:2 հաշվով հաղթեց «Իմպուլսին» և կիսաեզրափակչում իր ուժերը կչափի «Բանանցի» հետ: Երկրորդ կիսաեզրափակիչ զույգը կազմել են «Շիրակն» ու «Ուլիսը»: Հանդիպումները կկայանան ապրիլի 12-ին և 13-ին: