15 մարտի 2011 - 17:54 AMT
Եվրամիությանն առաջարկել են մտածել առանց միջուկային էներգիայի ապագայի մասին

Եվրամիությունը պետք է մտածի առանց միջուկային էներգիայի ապագայի մասին, ընդ որում դա հարկավոր է անել արդեն մարտի 15-ի հանդիպմանը: Նման առաջարկ է արել էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օտտինգերը: «Մենք պետք է հարց բարձրացնենք՝ արդյոք Եվրոպան կարող է առաջիկայում հրաժարվել միջուկային էներգիայից»,-ասել է նա:

Այսօր հայտնի է դարձել, որ ԵՄ-ն արտահերթ հանդիպում է հրավիրում Ճապոնիայում ԱԷԿ-ներում ստեղծված վթարային իրավիճակը քննարկելու համար: ԵՄ-ն ցանկություն է հայտնել շտապ հանդիպում կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հետ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարի վերաբերյալ, հայտնում է ՌԲԿ-ն:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 20 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է:

Երկուշաբթի Ճապոնիան պաշտոնապես խնդրեց ՄԱԳԱՏԷ-ին մասնագետների խումբ գործուղել, որը կօգնի հաղթահարել վթարային ԱԷԿ-ներում ստեղծված իրավիճակը: