16 մարտի 2011 - 10:09 AMT
«Արմավիան» բողոքում է «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման բարձր գների դեմ

Մարտի 16-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը հետաձգել է իր չվերթները մեկ ժամով, ինչը յուրօրինակ բողոքի ակցիա է «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների դեմ: Բանն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկումը 3 անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայի օդանավակայաններում, իսկ Եվրոպայի հետ համեմատած` թանկ է 2 անգամ (Փարիզ` 1.5 անգամ, Հռոմ` 2.5 անգամ):

Ավելին, նույնիսկ վառելիքը, որը Հայաստան է բերվում «Արմավիայի» բաժնետիրոջ կողմից, նույն օդանավակայանի կողմից «Արմավիային» վաճառվում է 150 դոլարով թանկ:

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը չի կարող չդիմել նման քայլի` ստեղծված իրավիճակում հասարակության ուշադրությունը գրավելու համար, մասնավորապես, իր ուղևորների, քանի որ օդանավակայանի ծառայությունների բարձր գները թույլ չեն տալիս «Արմավիային» նվազեցնել ավիատոմսերի արժեքը: Ընդ որում, չնայած նման բարձր գներին` «Զվարթնոցը» դիմել է կոշտ միջոցների. դադարեցրել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը ընթացիկ պարտքերը չվճարելու համար: