16 մարտի 2011 - 11:41 AMT
Ճապոնիայում զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 11 հազարը

Ճապոնիայում երկրաշարժի ու ցունամիի ժամանակ 3767 մարդ է զոհվել, անհայտ կորած են 7845 մարդ, տուժել են ավելի քան երկու հազարը: Այդ մասին, վկայակոչելով ճապոնական ոստիկանության թարմացված տվյալները, մարտի 16-ին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Ոստիկանության նախորդ տվյալների համաձայն, որոնք հրապարակվել էին մարտի 15-ին, զոհվածների թիվը կազմում էր 3373 մարդ, անհայտ կորածների թիվը` 6746:

Այդ միջոցին չորեքշաբթի օրը` առավոտյան, Տոկիոյից 96 կիլոմետր դեպի արևելք 6 մագնիտուդով նոր ստորերկրյա ցնցումներ են տեղի ունեցել, հաղորդում է Agence France-Presse-ը` հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (US Geological Survey): Երկրաշարժը տեղի է ունեցել 25 կիլոմետր խորության վրա և զգացվել է Ճապոնիայի մայրաքաղաքում, սակայն ցունամի և ավերածություններ չի առաջացրել:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ստորերկրյա ցնցումներն ուժգնությամբ չորրորդն էին սեյսմոլոգիական դիտարկումների պատմության ընթացքում գրանցվածների թվում:

Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ինքնին կայանում աշխատանքները բարձր ռադիացիոն ֆոնի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են, հաղորդում է Lenta.ru-ն: