Facebook-ում բացվել է էջ` ի պաշտպանություն հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի

Facebook-ում բացվել է էջ` ի պաշտպանություն հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում բացվել է «Ծոմ ազատության» էջը` ի պաշտպանություն հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի: Քարոզարշավին միացել են արդեն 124 օգտագործողներ: Կայքէջում հրապարակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա բողոքի ակցիայի հետ կապված ողջ տեղեկատվությունը:

Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Հովհաննիսյանն անցկացրել է Ազատության հրապարակում: Ինչպես հայտնել է այսօր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգություն» կուսակցությանը թույլ չեն տվել Ազատության հրապարակում վրան խփել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննսիյանի համար: Սաֆարյանի խոսքերով, ոստիկանությունն իր գործողությունները հիմնավորել է նրանով, որ Ազատության հրապարակը «մանկական հրապարակ է և այն միայն երեխաների համար է»:

Ինչ վերաբերվում է Հովհաննիսյանի առողջական վիճակին, ապա, ինչպես նշել է Սաֆարյանը, բժիշկները դեռ չեն այցելել «Ժառանգության» առաջնորդին: «Բայց դեռևս առողջական վիճակը վտանգ չի հարուցում»,- ասել է Սաֆարյանը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում կգտնվի Հիպոկրատի երդմանը հավատարիմ թեկուզ մեկ բժիշկ, որը կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ ու ապահովել առաջին անկախ ու արդար ընտրությունների անցկացումը: Նա նաև հայտարարել է, որ ծոմ է հայտարարում:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր իմիջով է ներկայացել կուսակցության բաց համաժողովի մասնակիցների առջև՝ առանց բեղերի: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչով է բացատրվում նրա նոր իմիջը, Րաֆֆի Հովհաննիսյանը ժպիտով պատասխանել է. «Մի պահ ցանկացա ինձ երիտասարդ զգալ: Ես երիտասարդության որոնումների մեջ եմ»: Արդեն համագումարի բացմանը Հովհաննիսյանը հավաքվածներին իր նոր իմիջը բացատրեց նրանով, որ «Ժառանգությունը», ինչպես և ողջ երկիրը, նոր փուլ է մտնում՝ «նորացման, երիտասարդության ու ապագայի փուլ»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---