16 մարտի 2011 - 14:55 AMT
Յուրի Սարգսյանը համոզված է, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում հայ ծանրորդները կնվաճեն երկու ոսկե մեդալ

Այս օրերին Հայաստանում է գտնվում լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, այդ առաջնությունների բազմակի մրցանակակիր, աշխարհի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն Յուրի Սարգսյանը:

Նրա ղեկավարությամբ, որն Ավստրալիայի հավաքականի ավագ մարզիչն է, այդ երկրի ծանրորդներն անգլալեզու երկրների առաջնությունում նվաճել են 2-ական ոսկե և արծաթե ու 3 բրոնզե մեդալներ: «Իմ սաները սովորաբար հանդես են գալիս B և C մրցաշարերում, և ես, օրինակ բերելով հայ մարզիկներին, ցույց եմ տալիս, թե ինչպես պետք է գրավել բարձր պարգևներ: Հայ մարզիկները հսկայական պոտենցիալ ունեն և ես ակնկալում եմ, որ Լոնդոնի օլիմպիական խաղերից ծանրորդները կվերադառնան երկու ոսկե մեդալներով»:

Ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Լոնդոնում 2012-ի հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները նվաճել են օլիմպիական խաղերի 4-ական ուղեգրեր: Վարկանիշային է լինելու նաև 2011-ի աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունենալու Փարիզում նոյեմբերի 10-17-ը: