2 ապրիլի 2001 - 23:58 AMT
ՖԼՈՐԻԴԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՎ
04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆլորիդայում կայանալիք բանակցությունների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդես գալ ղարաբաղյան կարգավորման նոր առաջարկով:
Ինչպես հայտնի դարձել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին դիվանագիտական աղբյուրներից, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը` Վաշինգթոնում կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ: Դիվանագետի անունը չհրապարակելու պայմանով անցկացված ճեպազրույցը կազմակերպվել էր ապրիլի 3-ին Ֆլորիդայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին:
Ամերիկյան դիվանագետը հիշեցրել է, որ տարբեր ժամանակներում արված ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք առաջարկները շարունակում են բանակցությունների սեղանին մնալ: Նա ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են օգտագործել դրանք: Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը միաժամանակ հայտարարել է, որ միջնորդները չեն պատրաստվում «նորացնել» իրենց նախկին առաջարկները: Նրա խոսքերով, հիմքեր չկան ենթադրելու, որ այդ առաջարկները կդառնան խաղաղ համաձայնագրի հիմքը: