16 մարտի 2011 - 21:18 AMT
ՀՀ նախագահ. Երկրում առկա խնդիրների առյուծի բաժինը մարզերում է

Մարտի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Գաղտնիք չէ, որ առկա խնդիրների առյուծի բաժինը մարզերում է»,- ասել է ՀՀ նախագահը: Ընդ որում, նա նկատել է, որ հենց մարզերում է նաև, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Նրա խոսքով, մարդիկ առաջին հերթին կարիք ունեն լսված և հասկացված լինելու: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բարդ զարգացումների պայմաններում երկրի իշխանությունների աջակցության կարիքն ունեն:

«Եթե մենք հիմա մեր գյուղացիներին, մեր գործարարներին թողնենք մենակ այդ խնդիրների հետ, մենք ուղղակի աններելի սխալ կատարած կլինենք, որովհետև հիմա ունենք բոլոր հնարավորություններն անելու այնպես, որպեսզի այս տարին դառնա բեկումնային մեր տնտեսության համար և, իհարկե, գյուղատնտեսության համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում արդեն բազմաթիվ ծրագրեր կան` ընդգծելով, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն և օգտվեն այդ ծրագրերից: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջերս Կենտրոնական բանկի նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ցածր տոկոսով վարկերի տրամադրման վերաբերյալ, և այդ տոկոսների մի մասն էլ պետությունը կվերցնի իր վրա ու կսուբսիդավորի:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները, ամփոփվել են 2010թ. կատարված աշխատանքները: