16 մարտի 2011 - 21:49 AMT
Բելգիան մտահոգված է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական տրամադրությունների առնչությամբ

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 16-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Իվ Լեթերմի հետ։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևորվել է գույքի, եկամուտների երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար։

Քննարկվել է նաև առանց վիզաների երկիր մուտք գործելու հնարավորության հարցը։ Անդրադարձ է եղել կոնկրետ ոլորտներում բիզնեսի զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, խոսվել է այն վարկային և դրամաշնորհային միջոցների մասին, որը Հայաստանին տրամադրել է Բելգիայի կառավարությունը «IB» ընկերության միջոցով, ինչը հնարավորություն կընձեռի ձեռք բերելու նոր արագացուցիչ` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա օնկոլոգիական կենտրոն կառուցելու նպատակով։

Ակնկալվում է օժանդակություն այն հարցում, որ օնկոլոգիական բուժմամբ զբաղվող բելգիական որևէ ընկերություն համագործակցի Հայաստանի հետ։ Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմը խոստացել է, որ այդ առումով աջակցություն կցուցաբերվի։ Քննարկվել են նաև տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ շրջանակներում համագործակցության խնդիրներ։

Հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան այն հարցին, թե որքանով բելգիական դրական փորձը կարող է նպաստել ԵՄ-ի հետ առևտրային կապերի դյուրացմանը, ՀՀ վարչապետը նշել է, որ այդ խնդրին անդրադարձել է ինքը` Իվ Լեթերմը։ Վերջինս նշել է, որ ազատ առևտրի համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ ինտեգրացիայի համար, և առաջարկել է իրենց օժանդակությունը։ Նա հավաստիացրել է, որ աջակցություն կցուցաբերվի Հայաստանին` ԵՄ շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերն առաջ տանելու առնչությամբ։

Հարցին, թե որքանով է բելգիական կողմը տեղեկացված հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին` հաշվի առնելով այն, որ նախատեսվում է անցկացնել միջազգային հետաքննություն, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Բելգիայի փոխվարչապետը, ով միաժամանակ այդ երկրի ԱԳ նախարարն է, և վերջինս քաջատեղյակ է եղել հարցի բոլոր մանրամասներին։ Արտգործնախարարը մտահոգություն է հայտնել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական տրամադրությունների առնչությամբ։ Բելգիական կողմը հավաստիացրել է` խնդիրը գտնվելու է իրենց ուշադրության կենտրոնում։