17 մարտի 2011 - 18:03 AMT
Ժողովուրդն ինքը կորոշի՝ գնալ դեպի Ազատության հրապարակ, թե ոչ, հայտարարում է ընդդիմությունը

«Ժողովուրդն ինքը կորոշի՝ գնալ դեպի Ազատության հրապարակ, թե ոչ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, թե ընդդիմությունը մտադիր է հանրահավաքը շարունակել Ազատության հրապարակում:

Ըստ նրա, դեռ մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե հանրահավաքները վերածվելու են ֆորումների, որտեղ որոշումներ կկայացվեն և կյանքի կկոչվեն:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում: Ոստիկանությունն արդեն փակել է դեպի Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը, որտեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անցկացնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցում է շուրջ 10 հազար մարդ: