18 մարտի 2011 - 10:22 AMT
Հիմնական թուրքական կուսակցությունները հայերի թեկնածություններ են առաջադրում հունիսի 12-ի ընտրություններում

Չորս հիմնական թուրքական կուսակցությունները՝ Արդարության ու զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), Ժողովրդահանրապետական կուսակցությունը, Ազգայնական շարժում կուսակցությունը և քրդամետ «Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» կուսակցությունը իր նախընտրական ցուցակներում հայ թեկնածուների կընդգրկի: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան հունիսի 12-ին:

«Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» կուսակցությունը կսատարի Իսմեթ Շահինի թեկնածությանը, որը ներկայացնում է Ստամբուլի առավելապես քրիստոնյաներով բնակեցված շրջանը: Արև Դեբեջիին սատարում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը:

Սբ Գևորգ եկեղեցու հիմնադրամի նախագահ, գործարար Մելքոն Ղարագյոզը ու հայ համայնքի ներկայացուցիչ Գերման Բալյանը ձգտում են ընդգրկվել ԱԶԿ ցուցակներում: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, 2007թ. ԱԶԿ ցուցակում ընդգրկվել էր Գեղամ Կարապետյանը, սակայն նա չանցավ և այժմ մտադիր է ապավինել ազգայնականների աջակցությանը: Ըստ Ղարագյոզի, նա ԱԶԿ անդամ է արդեն 2 տարի և հուսով է, որ հայ համայնքը կքվեարկի իշխող կուսակցության օգտին:

Եթե հայ թեկնածուներից որևէ մեկը Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր դառնա, դա տեղի կունենա վերջին 50 տարում առաջին անգամ: