18 մարտի 2011 - 15:27 AMT
Ադրբեջանցի երեխայի հետ միջադեպին վերաբերող հարցերը դեռ նոր պիտի քննարկվեն, ասել է Անջեյ Կասպրշիկը

ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսին ներկայացվել է 9-ամյա ադրբեջանցի երեխայի հետ կապված միջադեպի մասին նախնական զեկույցը միայն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ըստ նրա, անչափահաս ադրբեջանցու մահվան հետ կապված մանրամասների բացահայտման հետ կապված բոլոր հարցերը դեռ քննարկվելու են ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: «Բոլոր այդ հարցերը դեռ հարկավոր է քննարկել»,-ասել է Կասպրշիկը

Մարտի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ «հայկական զինված ուժերն ադրբեջանցի երեխա են սպանել»: Ընդ որում, նույն այդ ադրբեջանական ԶԼՄ-ները երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել` 8-ամյա, թե 10-ամյա տղա է սպանվածը` Օրտա-Քարվենդ գյուղի բնակիչ Ֆարիդ Բադալովը, որոշ ԶԼՄ-ներ խոսում են դեռահասի մասին:

Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը հանդես եկան համատեղ մեկնաբանությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը սահմանային Օրթա Քարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին: Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:

Մարտի 10-ին ԵԱՀԿ առաքելության կողմից նշված վայրում դիտարկում անցկացնելու ժամանակ ղարաբաղյան կողմը դիտարկման խմբի անդամների ուշադրությունը հրավիրել էր հետևյալի վրա. ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնային դիրքերից մինչև Օրթա Քարվենդ գյուղն ընկած հեռավորությունը կազմում է 1400-1500 մետր, այսինքն, տվյալ դեպքում անհնար է, որ ՍՎԴ դիպուկահար հրացանից նշանառու կրակով արձակված գնդակը հասներ թիրախին: Նշված հատվածի ռելիեֆը թույլ չի տալիս ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դեպի հակառակորդի կողմը նշանառու կրակ բացել, քանի որ վերջինս ունի բարձր դիրքային առավելություններ: