18 մարտի 2011 - 18:18 AMT
Բակո Սահակյանը հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն է ներկայացրել Աժուբալիսին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Հանրապետության արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հակամարտության կարգավորման շուրջ, ընդգծելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով ու անմիջական երկխոսության միջոցով: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` Արցախի լիիրավ մասնակցությամբ, այն համարելով հակամարտության կարգավորման կարեւորագույն բաղադրամասերից մեկը:

Նախագահ Սահակյանը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ-ն պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնի Ադրբեջանի ապակառուցողական եւ հակահայկական կեցվածքի վրա, ինչը մեծապես խոչընդոտում է ինչպես հակամարտության կարգավորմանը, այնպես էլ տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Երկուստեք նշվել է, որ Մինսկի խմբի շրջանակները հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ հարթակը եւ այն այլ ատյաններ տեղափոխելը միմիայն կվնասի գործընթացին:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: