ՔԱԳՎ-ն օգնեց լուծել «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիայի» միջև տարաձայնությունը

PanARMENIAN.Net - Մարտի 18-ի երեկոյան «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որը շահագործում է երևանյան «Զվարթնոց» օդանավակայանը և «Արմավիա» ավիաընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության են եկել առկա խնդիրների շուրջ: Այդ մասին մարտի 21-ին հաղորդել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանը:

Իր հերթին, օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշել է, որ ավիաընկերության հետ վերջին մի քանի տարվա ընթացքում լավ հարաբերություններ են ունեցել, իսկ նման խնդիրներ կարող են ծագել ցանկացած երկրում: «Հասկանում ենք, որ «Արմավիան» մեծ ներդրումներ է կատարում և գնում նոր ինքնաթիռներ, ինչը նաև շահավետ է Հայաստանի համար: Բայց մենք նույնպես ներդրումներ են կատարում, և հուսով եմ, որ ավիաընկերությունը դա հասկանում է: Օդանավակայանը պետք է կատարի իր պարտավորությունները պարտատերերի առաջ»,- ասել է նա և հավելել, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հաստատվել է «պարտքի շեմ», որն ավիաընկերությունն իրավունք չունի գերազանցել:

Իր հերթին, «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը ներողություն է խնդրել ընկերության ուղևորներից պատճառած անհարմարությունների համար:

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որը շահագործում է երևանյան «Զվարթնոց» օդանավակայանը, ի պատասխան «Արմավիա» ավիաընկերության բողոքին մարտի 16-ի երեկոյան հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ օդանավակայանում ինքնաթիռների սպասարկման գները չեն փոխվել 2005-ից ի վեր:

Մարտի 16-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը հետաձգեց իր չվերթները մեկ ժամով, ինչը յուրօրինակ բողոքի ակցիա էր «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների դեմ: Նույն օրը «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բագդասարովը հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկումը 3 անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայի օդանավակայաններում, իսկ Եվրոպայի հետ համեմատած` թանկ է 2 անգամ (Փարիզ` 1.5 անգամ, Հռոմ` 2.5 անգամ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---